Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գալստյան կիրակի (29-ը մարտի, 2009 թ.)

Գալստյան կիրակի (29-ը մարտի, 2009 թ.)
27.03.2009 | 00:00

ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐԸ
Եթե վերցնենք Մեծ պահքի կիրակիների անվանումները, ապա պիտի տեսնենք, որ յուրաքանչյուր շաբաթ նպատակային օրեր ունի, որպեսզի այդ օրերին խորհրդածենք այս կամ այն հոգևոր խնդրի շուրջ: Եվ պահքի շաբաթները փուլ առ փուլ ապաշխարանքի մեկ ընթացք են, որ պիտի արժանավորի մեզ, որ Աստված վերադառնա մեր մեջ կամ առավել ևս վերադառնա, քան նախորդ տարի: Այնուամենայնիվ, պահքի Գալստյան շաբաթում ոչ միայն այս բուն խնդրի մասին են լինելու մեր խորհրդածությունները, այլ որ նախազգուշորեն խորհրդածենք նաև մեր ժամանակային խնդիրների, որոնք կապված են մեր հոգևոր կյանքի հետ: Օրինակ, ոմանք Գալստյան կիրակին դիտելով միայն որպես Քրիստոսի երկրորդ Գալստյան խոստման հիշատակումը, քրիստոնյա աշխարհում մոլորություններ են տարածում` սուտ մարգարեանալով, թե Քրիստոսն այս կամ այն թվականին է գալու և այլն: Եհովայի վկաների հերձվածը բազմիցս է Քրիստոսի երկրորդ Գալուստը սուտ մարգարեացրել` տասնյակ հազարավոր մոլորված լսողների մղելով ցայտնոտային սպասման, այնուհետև խաբվածի հուսահատության` դրանից ելնող տխուր հետևանքներով:
Անգամ առանձին եկեղեցի է հիմնվել, որ անվանվում է Գալստական եկեղեցի, որտեղ ուսումնասիրում են Տիրոջ երկրորդ գալստյան խնդիրները: Բնականաբար, այդ եկեղեցին ևս ունի իր բուն շեղությունը, այն, որ առավել խորությամբ հաշվի չի առնվում, որ Քրիստոսի բնույթի ծագումը նախ հոգևոր ձևով մարդու ներսում պիտի կայանա, իսկ մարմնապես տեսնելու քննումները լավ է միայն ըստ Տիրոջ նկարագրած իրավիճակների պատմեն կամ մեկնաբանեն, որպեսզի ոչ թե մոլորություն, այլ խորհրդածություն առաջացնեն լսողների մեջ և օգուտ տան, այլ ոչ թե հանիրավի հպարտություն, որ որևէ բան իբր այլոցից քաջ իմանալն է առաջացնում, բուն էության շատ կարևոր հարցերից ընկած պահելով «ամենքից առաջ գնացածին»:
Նախ` Տերը մանրամասնորեն նկարագրում է, թե ինչ հսկայական, ակնհայտ փոփոխություններ են ողջ տիեզերքում կայանալու, և որ իր երկրորդ գալուստը լինելու է երկնքից` ամենքին տեսանելի, իսկ մինչ այդ բազում սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ են ելնելու ու մոլորեցնելու աշխարհը.
«Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի և աստղերի վրայ: Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի և խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, աշխարհի վրայ գալիք պատահարների վախից և նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետև երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն` եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ և մեծ փառքով: Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք և ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետև մօտ է ձեր փրկութիւնը»:
Այս խնդրով Փրկչի զգուշացումները բազմաթիվ են, որ մեզ մղելու են լրջորեն խորհրդածելու, թե բանական, իմացական հավատով միայն կարող ենք չգայթակղվել մոլորեցնողների սև բիզնեսներից: «Զգույշ եղեք, չխաբվեք սուտ քրիստոսներից»,- շարունակ մեզ խրատում է Տերը: Շարունակ, որովհետև գիտե, որ մարդկայնորեն տկար ենք և գայթակղվող, դյուրությամբ խաբվող. «Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք. որովհետև ինչպէս փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստն այնպէս կը լինի: Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»:
Իսկ մինչ այդ մարդուն մնում է ամենայն զգուշությամբ վերակերտվել ըստ Ավետարանական կարգ ու կանոնի, որոնցով հարուստ և ավանդապահ է մեր առաքելական սուրբ եկեղեցին:
«Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ և հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. և յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը. որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին: Արթո՛ւն կացէք այսուհետև, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»: (Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ 21):
Մեր առաքելական եկեղեցին Մեծ պահքի կիրակիներով իր հավատացյալներին այն լուրջ խնդրին է տանում, որ Մեծ պահքով հավատարմելով Աստծուն, Աստծո լուսավոր Բանի էությունը իսկապես ծագում է հավատարմողների մեջ, և այդ հոգևոր իրողությունն աննկատ չի մնում թե այդ մարդու համ ու հոտով գործերում, թե կենցաղում և թե ընտանիքում: Նրանցից ծագող լույսը նաև բարի ներգործություն է ունենում իրենց շրջապատի և անգամ ողջ երկրի մեջ: Ավետարանում Տեր Հիսուսն իր հավատարմողներին նման խոստում տալիս է.
«Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»:
Իսկ հավելյալ էլ, ամեն տարի Մեծ պահքի ժամանակ Քրիստոսի երկրորդ գալուստի մասին Տիրոջ իսկ զգուշությունները մեր մեջ նորոգելով, ավելի ենք հասունանում, որ սուտ քրիստոսներից իմացությամբ կարողանանք մենք մեզ ժամանակին հեռու պահել, որպեսզի զորեղ գայլերը մեր անգիտությունից չօգտվեն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3225

Մեկնաբանություններ